Հայաստան և Վրաստան

    Վերջին շրջանում, մասնագիտական շրջանակներում և ոչ միայն, առավել հաճախակիացել են քննարկումները Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ՝ փաստելով, որ Հայաստանը ներգնա զբոսաշրջության զարգացման առումով բավականին զիջում է հարևան Վրաստանին։
     Այս մասին խոսեց նաև նորանշանակ վարչապետը, նշելով, որ ներգնա զբոսաշրջության տեսանկյունից բավականին զիջում ենք հարևան երկրին։
    Իրականում, արդյո՞ք դա այդպես է, որո՞նք են վրացական զբոսաշրջության զարգացման նախադրյալները, ինչպիսի՞ հարցերում ենք զիջում հարևան երկրին, փորձել եմ պարզել՝ բացառապես ցուցանիշների հիման վրա վերլուծելով Հայաստանի և Վրաստանի զբոսաշրջության ոլորտները։

Զբոսաշրջիկների թվաքանակ

     Հայաստանում մասնագիտական շրջանակներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանն 2015թ․-ին ընդունել է շուրջ 6 մլն զբոսաշրջիկ՝  5 անգամ գերազանցելով Հայաստանին, ապատեղեկատվությունն է և իրականությանը չի համապատասխանում։ Վիճակագրական տվյալների համաձայն հարևան երկիր 6 մլն ժամանումներից ընդամենը 2,282,000 են համարվում զբոսաշրջիկներ՝ գիշերող այցելուներ, մնացած հատվածը պարզապես տարանցիկ ուղևորներ են և էքսկուրսանտներ (գիշերակաց չանցկացնող այցելուներ)։

Օդային տրանսպորտով հասանելիություն

    Գաղտնիք չէ, որ զբոսաշրջիկի՝ այցելության երկրի ընտրության վրա ազդող գործոններից մեկը տվյալ երկրի հասանելիությունն է տրասնպորտային տեսանկյունից, մասնավորապես ուղիղ չվերթով երկիր ժամանելու հնարավորությունը։ 

Այս տարվա բարձր սեզոնի ընթացքում /հուլիս, օգոստոս,սեպտեմբեր/՝ վրացական քաղաքներն ընդունել են շաբաթական միջինում 310 թռիչք, ՀՀ-ն այս առումով բավականին զիջում է դիրքերը շաբաթական կտրվածքով ընդունելով ընդամենը 206 թռիչք, որի միայն 45%-ն իրականացվում են Մոսկվա-Երևան ուղղությամբ։

  

Հյուրանոցային ինդուստրիա

  Ընդունված է ասել` եթե չկա գիշերակաց, չկա նաև զբոսաշրջություն։ Ներգնա զբոսաշրջիկների միաժամանակ տեղաբաշխման հնարավորությունը զբոսաշրջության զարգացման կարևորագույն ցուցանիշներից է, որը հաշվարկվում է երկրում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հյուրանոցային համարների և ննջատեղերի ընդհանուր քանակով։ 

 Հյուրանոցային տնտեսության օբյեկտների առումով թերևս Վրաստանն անհամեմատ շոշափելի արդյունքների է հասել՝ գործող 1727 հյուրանոցային տնտեսության օբյեկտ՝ 23 200 համարներով, որոնք ապահովվում են 55 600 ննջատեղ։ Հայաստանյան ցուցանիշներն առավել համեստ են՝ երկրի ողջ տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը գրեթե քառակի անգամ քիչ է՝ 449 ՀՏՕ շուրջ 8440 համարներով։ 
       Միայն այս տարվա ընթացքում Վրաստանում արդեն բացվել են 33 նոր հյուրանոցներ՝ 1300 համարներով, իսկ մինչև 2019թ․-ը նախատեսվում է բացել ևս 120 հյուրանոց, երկրի ներկայիս համարային ֆոնդը համալրելով ևս 8500 հյուրանոցային համարներով /հավելյալ 15100 ննջատեղ/։ Հատկանշական է, որ հյուրանոցաշինության մեջ մեծ թիվ են կազմում միջազգային հյուրանոցային ցանցերը, ինչը վկայում է վրացական ներգնա զբոսաշրջային շուկայի իրապես հեռանկարային լինելու մասին, այլապես նման ծավալի ներդրումներ չէին կատարվի։

Գներ

       Տարածված կարծիք կա, որ ներգնա զբոսաշրջիկների համար Վրաստանն առավել մատչելի հանգիստ է առաջարկում, քան Հայաստանը։ 

Եթե դիտարկենք զբոսաշրջիկների կողմից կատարված ծախսերը, ինչի արդյունքում ձևավորվում է նաև զբոսաշրջությունից երկիր ստացվող ֆինանսական մուտքերը, ապա ՀՀ ժամանող զբոսաշրջիկների միջին ծախսերը կազմում են 750 ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանում՝ 850 ԱՄՆ դոլարի։ Այսինքն, վրացական զբոսաշրջային արդյունքն իրականում մոտ 15%-ի չափով թանկ է հայկականից։

Աշխարահաքաղաքական դիրք

  Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը, ի տարբերություն Հայաստանի, հաճախ է դիրտարկվում որպես բարենպաստ գործոն զբոսաշրջության զարգացման համար։

 Սահմանակից բոլոր երկրների հետ Վրաստանն ունի բարի-դրացիական հարաբերություններ, ադյունքում հարևան երկրները էլ հենց Վրաստանի զբոսաշրջային դոնորն են՝ ապահովելով ընդհանուր այցելությունների մոտ 73%-ը, որից Ռուսաստանը՝ 23%,  Ադրբեջանը՝ 20%, Թուրքիան՝ 16%, Հայաստանը՝ 14%։ Բնականաբար, ՀՀ-ի դեպքում պատկերը լրիվ այլ է, այդ թվում նաև հարևան Իրանի և Վրաստանի համար։ Բանն այն է, որ այդ երկրներից այցելությունների քանակը վերջին տարիներին այդպես էլ չի հաջողվել հասցնել երկնիշ թվերի, ավելին 2015թ․-ին Իրանից և Վրաստանից ՀՀ ժամանող զբոսաշրջիկներն ընդհանուրի մեջ կազմել են համապատասխանաբար 7% և 2,6%։


Աշխատանք թիրախային շուկաների հետ

            Վրաստանը բավականին հաջող և շարունական կերպով է աշխատում թիրախային շուկաների հետ, ինչը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում գրանցել շոշափելի արդյուքներ։ 

Դիտարկենք, հենց Իրանի Իսլամական Հանրապետության օրինակը․ 2016թ․ փետրվարին, մարտին սպասվող հոսքին ընդառաջ, Իրանի քաղաքացիների համար սահմանվեց առանց վիզային ռեժիմ։ Սեզոնի ընթացքում բացի Թեհրան-Թբիլիսիից, իրականացվեցին ուղիղ թռիչքներ նաև Թեհրան-Բաթումի ուղղությամբ, կազմակերպվեցին գովազդային արշավներ՝ արդյունքում 2016թ․ առաջին ութ ամիսների ընթացքում Վրաստանն Իրանից ընդունեց 5 անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ շուրջ 92 000, գրեթե հավասարվելով հայաստանյան ցուցանիշներին։ Հայաստանի կողմից թիրախային շուկաների հետ տարվող աշխատանքը, վերջին տարիներին, ցավոք, սահմանափակվում է միայն ընդամենը մի քանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությամբ։
  

Ինտերնետ մարքեթինգ

    Ցանկացած երկրի զբոսաշրջային այցեքարտը պաշտոնական զբոսաշրջային կայքն է, որը հավաստի և համապարփակ տեղեկատվություն է մատուցում տվյալ երկրի՝ որպես զբոսաշրջային ուղղության վերաբերյալ՝ երկիր մուտք գործելու եղանակներից մինչև զբոսաշրջային ռեսուրսների մանրամասն նկարագրություն։

      Վրաստանի պաշտոնական կայքի georgia.travel այցելուների քանակն օգոստոս ամսին կազմել է 2,6 մլն, Հայաստանի՝ armeniainfo.am ընդամենը 12 հազ․ այցելու։ Խոսքը ոչ միայն թվերի անհամեմատելիության մեջ է, այլ նաև հայաստանյան կայքում տեղ գտնող ոչ ճշգրիտ և ժամանակավրեպ տեղեկատվության, որն առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ընդհանրապես չի թարմացվել։  Կայքի նմանօրինակ բարձիթողի վիճակն ուղղակիորեն ազդում է Հայաստանի զբոսաշրջային վարկանիշի վրա։
     Հ․Գ․ Այս տարվա օգոստոսին նախատեսվում էր վերջապես գործարկել Հայաստանի նոր պաշտոնական կայքը, սակայն ամենայն հավանականության այս զբոսաշրջային սեզոնն էլ կավարտվի նախորդների պես։
           
Վիճակագրական տվյալներ

   Հայաստանյան զբոսաշրջության ոլորտը թվերի և ցուցանիշների առումով վերլուծության ենթարկելը գրեթե անհնարին աշխատանք է, քանի որ վիճակագրական տվյալների սղությունը հաճախ  տանում է դեպի փակուղի։ 

Վիճակագրական տվյալներն հիմնականում ամփոփվում են Ազգային վիճակագրական ծառայության եռամսյակային և տարեկան հաշվետվություններում, որտեղ հակիրճ և կցկտուր տվյալներ են ընդամենը մի քանի ցուցանիշների գծով։ Սա անուղղակիորեն կարող է խոչընդոտ հանդիսանալ նաև ոլորտում կատարվելիք ներդրումների համար։
            Վրաստանն իրականացնում է ոլորտի առավել մանրամասն վերլուծություն, տվյալները բացի ներդրողներից հասանելի են բոլորին։

Comments